ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հաստատել է «Իմ քայլը» խմբակցության առաջադրած Մարտին Գալստյանի թեկնածությունը՝ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։
Գալստյանի թեկնածության հարցը հանձնաժողովի նիստում ստացավ 2 դեմ և 5 կողմ ձայներ: Արդյունքում՝ հարցը կքննարկվի ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում։
Պատասխանելով Մանե Թանդիլյանի հարցին, որ ԿԲ մասին օրենքում նախագահը պետք է լինի մի անձ, որը ֆինանական համակարգում ունի բարձր հեղինակություն, Գալստյանը նշեց, որ եղել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին տնօրենը:
«Կենտրոնում մենք արել ենք շատ-շատ բաներ, որոնք առչնվել են ինդուստրիայի հետ: Մենք արել ենք սեմինարների շարք՝ օգնելու ինդուստրիային՝ զարգացնելու կարողությունները: Դիլիջանը դարձել է կենտրոն, որտեղ լավագույն բուհերի ուսանողները երազում են գալ ու անցնել իրենց պրակտիկան: Գրավոր համաձայնագիր ունենք Հարվարդի համալսարանի հետ, որ տարեկան ընդունում ենք իրենց ուսանողներից: Համաձայնագրի շրջանակում ՀՀ ԿԲ-ից տարեկան երկու գիտաշխատող գնում են Հարվարդ՝ իրականացնելու գիտական աշխատանք»,-ասաց նա:
Գալստյանը վստահեցրեց, որ իր գիտելիքները բավարար են, որ կարողանա ղեկավարել մի կառույց, որտեղ տեղի է ունեցել անցում դրամավարկայինից դեպի ֆինանսական կայունություն։
Նշենք, որ Մարտին Գալստյանը ԿԲ-ում աշխատանքային գործունեությունը սկսել է 1998-ին, որտեղ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգաին պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, իսկ հետագայում ղեկավարել է նաև վիճակագրական վարչությունը: 2015-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018-ից մինչ օրս հանդիսանում է ԿԲ խորհրդի անդամ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







