ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներն օրենքով սահմանված ժամանակահատվածի համար Հայաստանում չեն հարկվի, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեն՝ տեղեկացնելով նոր օրենսդրական նախագծի մշակման մասին։
Կոմիտեն, ըստ էության, այսպես է արձագանքել արտագնա աշխատողներին հարկելու շուրջ ահազանգերին, բողոքի ակցիաներին։
«Մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում։ ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները»,- հայտնել են ՊԵԿ-ից։
«Արմենպրեսին» ՊԵԿ-ից պարզաբանել են, որ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներն ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտներն ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։
«Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն ՀՀ-ում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկն ինչ դրույքաչափով է քաղաքացուց հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում»,- հստակեցրել են ՊԵԿ-ում։
Փետրվարի 10-ին Հայկական Կարիտաս ԲՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ահազանգել էր, որ արտագնա մեկնած շուրջ 500 քաղաքացու ՊԵԿ-ը հարկեր և տույժեր վճարելու ծանուցումներ է ուղարկել։ Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ նա նշել էր, որ այս պահին անհրաժեշտ է պարզապես իրազեկել քաղաքացիներին և հաջորդ տարվանից նոր սկսել հարկել նրանց։ Փետրվարի 16-ին ՊԵԿ-ը հայտարարել էր, որ Հայաստանում և արտերկրում հարկվող և եկամուտ ստացող Հայաստանի բնակիչները պարտավոր են եկամտահարկ վճարել սահմանված դրույքաչափերով։ Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել էին Երևան-Մարտունի ավտոճանապարհի մի հատվածը՝ դժգոհելով արտագնա աշխատողներին հարկելու մասին ՊԵԿ-ի որոշման դեմ։




































