Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են գոյություն ունեցող ճանապարհի վրա, սակայն, որոշ դեպքերում ճանապարհի որոշ հատվածների համար նախատեսվել է ծրագրի փոփոխություն կամ ճանապարհի լայնացում, ինչի հետևանքով առաջացել են հողերի օտարման և փոխհատուցման հարցեր։
Հիմնանորոգվող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ‚ ավարտին են մոտենում հողային աշխատանքները‚ կատարվում է ժայռային հանույթ‚ ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։ Ընթանում է Սանահինի կամրջի վերակառուցումը։
Համաձայն նախարարության հայտարարության՝ Միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում փորձնական ասֆալտապատման աշխատանքները դրական արդյունքներ են գրանցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







