Ալկոգելի արտադրությունը Հայաստանում օրական կտրվածքում գրեթե երկու անգամ ավելացել է։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Կառավարության նիստում ասաց ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով շուկայում դիմակների և ալկոգելերի հետ կապված իրավիճակը։
«Ալկոգելի սպիրտի արտադրությունն օրական 8 հազար լիտրից հասել է 12670 լիտր ծավալի: Հիմա արդեն 5 տնտեսվարող սուբյեկտ է սկսել արտադրանք տալ: Խնդիրն օրվա ծավալի սպառումն է, որովհետև մենք մի շարք դեղատներում ունենում ենք մնացորդ, որոշ դեղատներում ունենում ենք սպառման ծավալի դեֆիցիտ»,- ասաց Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով վարչապետի այն դիտարկմանը, որ դեղատներում իր շրջայցի ժամանակ ալկոգել չի եղել։
Գևորգյանի կարծիքով՝ հարցը շուտով կկարգավորվի, քանի որ մարդիկ մի քանի օրվա համար նախատեսված ծավալի ալկոգել են գնել:
Գեղամ Գևորգյանը նաև նշեց, որ այսօր Հայաստան կհասնի դիմակների մեծ քանակություն, սակայն թղթաբանական խնդիրներ կան, նաև առաջարկ կա Չինաստանից՝ 84 դրամով գնել անսահմանափակ քանակության դիմակներ:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ չհաշված ներմուծվող գազի, որպես ապրանք, ծավալները, երեկ 2500 տոննա ապրանք է ներմուծվել Հայաստան, մաքսազերծվել է 2 հազար տոննա, որից 600-ը սննդամթերք։ Նա հավելեց, որ չնայած Վերին Լարսի անցակետը փակ է՝ տեղացած աննախադեպ քանակի ձյան պատճառով, նավահանգստից բեռներն անխափան շարունակում են բերվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







