Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի շղթայի օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։
ՍԱՏՄ-ն հանձնարարել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներով։
Տեսչական մարմինը աշխատողների համար սահմանել է անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաև արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն և այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք:
Տեսչական մարմնինը հայտնում է, որ կվերահսկի ցուցումների կատարումը և հորդորում է խախտումներ նկատելիս զանգահարել ՍԱՏՄ թեժ գծին 010-206040 շուրջօրյա հեռախոսահամարով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







