Իրանական նավթային ընկերությունը հայտարարել է երկու երկրների պաշտոնյաների միջև Հայաստան իրանական գազի արտահանման ծավալների մեծացմանն ուղղված համաձայնագրի ստորագրման մասին, տեղեկացնում է Irna գործակալությունը։
Պաշտոնական պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ նավթի փոխնախարար և Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենիի, ՋԷԿ-ի տնօրեն Արամ Ղազարյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայությամբ։
Պայմանագրի համաձայն՝ ավելացել են դեպի Հայաստան գազի արտահանման ծավալները, գազի փոխարժեքը էլեկտրաէներգիայի դիմաց ճշգրտվել է հօգուտ Իրանի գազի ազգային ընկերության, իսկ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։
Իրանից Հայաստան արտահանող գազատարը տարեկան կարող է Հայաստան տեղափոխել ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ, իսկ շահագործման ընթացքում օգտագործվել է գծի թողունակության միայն մեկ երրորդը։