ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մարտի 11-ին ընդունել է տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային առաջատներից մեկի՝ DataArt Solutions ընկերության ներկայացուցիչներին՝ Գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերին, Ծրագրերի իրականացման գծով տնօրեն (Delivery Director) Դմիտրի Շտիլլերմանին, Շվեյցարիայի DataArt ընկերության կորպորատիվ և բիզնեսի զարգացման գծով ղեկավար Ալեքսանդր Մակեյենկովին, ինչպես նաև ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հակոբ Արշակյանը մատնանշել է այն շոշափելի արդյունքը, որը գրանցել է ընկերությունը Հայաստանում մեկ տարվա ընթացքում, իրագործված նախագծերն ու ներդրումները, ստեղծված տասնյակ աշխատատեղերը և հայ մասնագետների տաղանդների շնորհիվ ընկերության իրագործած խորքային զարգացման ծրագրերը։ Նախարարը ողջունել է ընկերության՝ գործունեությունը Հայաստանում զարգացնելու, ընդլանելու, խորացնելու, գործնական հարաբերություններն ընդլայնելու հեռանկարային ռազմավարությունը։
«Մենք վստահ էինք, որ Հայաստանում լավ է լինելու, բայց որ այսքան՝ չէինք կարող պատկերացնել»,- ասել է DataArt Solutions-ի գործադիր տնօրեն Ալեքսեյ Միլլերը և նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայ մասնագետներով, ընդգծել, որ Հայաստանը լավագույն երկրներից մեկն է բիզնեսի տեսանկյունից` գրանցումից մինչև բուն գործունեություն ծավալելը։
Նրա խոսքով՝ սպասվածից ավելի արագ աճ ունեցան այստեղ և հաշվի առնելով մեկնարկային տեմպերն ու հայ ինժեներների մասնագիտական ունակությունները՝ համոզված են, որ յուրաքանչյուր տարի առավել մեծ արդյունքներ կգրանցվեն։
Ալեքսեյ Միլլերը Հակոբ Արշակյանին մանրամասներ է ներկայացրել իրենց գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ այն 4 հիմնական ուղղություններով է իրականացվում՝ ֆինանսներ, մեդիա, առողջապահություն, զբոսաշրջային գործունեություն։ Ընկերության արտադրանքի 60%-ը շրջանառվում է ԱՄՆ-ում, 30%-ը Անգլիայում, շուրջ 10%-ը՝ Եվրոպայում։ Հիմա արդեն գրասենյակ են բացել Դուբայում՝ նպատակ ունենալով ներկայանալու և հաստատվելու նաև արևելյան շուկաներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարք ուղղություններ՝ կրթության ոլորտում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրի շրջանակներում։
Ալեքսեյ Միլլերն ընդգծել է, որ Երևանն ամենալավ վայրն է բազմաթիվ ծրագրերի խորքային զարգացման և իրագործման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







