Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) պատրաստ է վարկավորել արդյունաբերական նախագծերը Հայաստանում, ինչպես նաև ընդլայնել համագործակցությունը առևտրային բանկերի հետ:
Այս մասին այսօր՝ մարտի 11 – ին, հայտարարել է բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը «Տարածաշրջանային ինտեգրում, Եվրասիական զարգացման բանկի համագործակցություն ԵԱՏՄ երկրների հետ» թեմայով Մոսկվա-Երևան-Քիշնև-Մինսկ տեսակամուրջի ժամանակ:
Նրա խոսքերով, ԵԱԶԲ-ն արդեն գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարտատոմսերը, և այս պահին ցանկանում է հանքին վարկեր առաջարկել, իսկ ահա ինչ վերաբերում է «Սպայկա» ընկերության վարկավորմանը, որը սկսվել էր անցյալ տարի, ապա «առաջացած լրացուցիչ ռիսկերի պատճառով բանկը դեռևս լրջորեն չի քննարկում այդ նախագիծը»:
«Եվրասիական բանկը ցանկանում է դրան վերադառնալ այս տարվա երրորդ եռամսյակում։ Նախագիծը այսպես թե այնպես լավն է, պետք է պարզապես նորից գնահատել այն»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է մասնավոր բանկերի հետ համագործակցությանը, ապա, Անդրեյ Բելյանինովի խոսքով, Եվրասիական բանկը շարունակում է Հայաստանում մասնավոր բանկերին վարկային գծեր տրամադրել:
«Բանկերն էլ իրենց հերթին վարկավորում են տեղական փոքր ու միջին բիզնեսը։ Առայժմ նախագծերն այնքան էլ ֆինանսապես տարողունակ չեն ստացվում, բայց, հավանաբար, դա կապված է մեր ավելորդ զգուշավորության հետ»,-պարզաբանել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







