Մարտի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
Տիգրան Ավինյանը իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Պետական կառավարման ոլորտում երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրները բերել են մի իրավիճակի, երբ հանրային կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում և ոչ միշտ է կարողանում պատշաճ ու որակյալ ծառայություններ մատուցել մեր բնակչությանը»:
Փոխվարչապետը պնդել է, որ այն բարեփոխումները, որոնք այսօր և առաջիկա 2 ամիսների ընթացքում պետք է ակտիվ քննարկումների առարկա դառնան և՛ խորհրդում, և՛ հանրային լայն շրջանակներում, պետական կառավարման համակարգին կօժտեն իր առաքելությունն իրականացնելու համար ավելի արդյունավետ կարողություններով, գործիքներով և մեխանիզմներով:
Ըստ Փոխվարչապետի` այդ առաքելությունը ենթադրում է բարձրորակ հանրային ծառայությունների մատուցում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և արդյունավետ որոշումների միջոցով Հայաստանի կայուն զարգացման, բարեկեցության ու առաջընթացի ապահովում:
Նիստի ընթացքում մանրամասնորեն քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության տեսլականն ու բարեփոխումների առաջին փուլի օրակարգը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







