Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր` մարտի 10-ին, ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Այս մասին տեղեկատվություն է տարածել Կառավարության մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:
Կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացներին առնչվող հարցեր:
Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար և գոհունակությամբ խոսել բարեփոխումների ընթացքի մասին:
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել կորոնավիրուսի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերը և հայտնել է, որ Համաշխարհային բանկի կողմից հաստատվել են աջակցության տարբեր ձևաչափի ֆինանսական գործիքներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հասանելի լինել նաև Հայաստանի համար:
Փոխվարչապետն իր հերթին բարձր է գնահատել Համաշխարհային բանկի ներգրավվածությունը Հայաստանի Կառավարության ձեռնարկած բարեփոխումների իրականացման գործում և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







