ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է թույլատրել սիգի օրինական որսը, արդյունքում՝ ոչ միայն վաճառքի համար ձկնորսը պետք է պարտադիր վճարի բնօգտագործման վճարը, ունենա օրինական թույլտվություն, այլև բնական էկոմահակարգում բնական կերով սնված ձուկը կթանկանա, չի կարող լինել բուծված ձկից ավելի էժան:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Սևան» ազգային պարկի տեսուչները տարիներ շարունակ տարբեր հարաբերությունների մեջ են եղել ձկնագողերի հետ. դրա վկայությունն են վերջին շրջանում նման փաստերով հարուցված տասնյակ քրեական գործերը։
«Մենք ձկան օրինական որս ենք թույլ տալու, և այդ մասին հրամանը շուտով կմշակվի։ Զուգահեռ փոփոխություններ են կատարվելու նաև հարկային օրենսգրքում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կատարվի»,– հայտնեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն մինչև տարեվերջ, և արդեն այս տարի Սևանում որսը կլինի միայն օրինական` փաստաթղթերով արտոնված։
Ըստ նախարարի` տարեկան արտոնված որսը կկազմի 200-250 տոննա։ Վերջնական ծավալը կորոշի ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը։ Գրիգորյանը նշեց նաև, որ դա, իհարկե, կլինի ավելի թանկ, քանի որ բնական էկոմահակարգում բնական կերով սնված ձուկը չի կարող լինել բուծված ձկից ավելի էժան:
Ինչ վերաբերում է այդ պարագայում Սևանին սպառնացող էկոլոգիական աղետի վերաբերյալ մտահոգություններին, ապա Գրիգորյանը վստահեցրեց, որ Սևանում կա ձուկ, ընդ որում` ոչ մանրաձուկ։
«Պաշարներն ուսումնասիրվել են։ Անցյալ տարի արդյունագործական պաշարն ընդհանուր 750 տոննայի չափ էր գնահատվել, այս տարի` մոտ 700։ Բայց սիգի ընդհանուր պաշարը մոտ 3000 տոննա է»,– ասաց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







