Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում, որն ուղղված էր Սևանա լճի հիմնախնդիրների լուծմանը, քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։
Քննարկման նպատակն էր ներկայացնել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրների կարգավորման համար անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ), «Վեոլիա ջուր» ՓԲ, «Գեոկոմ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչները և շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների ղեկավարները։
Նախարարության մասնագետները ներկայացրել են Սևանա լճի առկա վիճակը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող խնդիրների լուծումները, գետահուների մաքրման ծրագիրը և Սոթքի լքված պոչամբարի ուսումնասիրության արդյունքները։
ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդիրներին ուղղված առաջնահերթություններին, մասնավորապես՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին ու համատեղ իրականացվող միջոցառումներին։
Քննարկվել է նաև Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







