Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 24-ին մեկնարկել է «CPM 2020 – Collection Premiere» խորագրով քառօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում են ոլորտի առաջատար հայկական 15 ընկերություններ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։
Ցուցահանդեսին հայկական պատվիրակության մասնակցությունը համակարգող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը, նախանշելով ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքները, նշել է․
«Շատ ուրախ ենք տեսնել ոլորտի այս կարևորագույն միջոցառմանը հայկական պատվիրակության ներկայացուցիչներին, որոնք իրենց ինքնատիպ արտադրանքով յուրահատուկ տեղ են զբաղեցնում տարածաշրջանի այս առանցքային շուկայում։ Ակնկալում ենք, որ մասնակից ընկերությունները կընդլայնեն համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաև կստեղծեն նոր կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»։
Հայկական ընկերությունների մասնակցությանն օժանդակություն է ցուցաբերել նաև ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրն իր 5900BC հագուստի ապրանքանիշով։
Ցուցահանդեսի հայկական տաղավարում շրջայց է կատարել Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։
Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ միջոցառումների իրականացման պետական աջակցության 2019 թ․-ի ծրագրի» շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ծրագրի իրականացումն ապահովում է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն։
Ցուցահանդեսը համարվում է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում տարվա ընթացքում կազմակերպվող ոլորտի առանցքային միջոցառումներից մեկը, որին մասնակցող 30 երկրներից տարբեր ընկերություններ ավելի քան 1700 հավաքածուներ են ցուցադրում և փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 22000 հազար մասնագիտացված այցելուներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







