ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը երկարաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, տնտեսության վրա բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված էր վերցրել, որոնք վերաբերում են հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքնեին:
Այդ ապրանքների մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում էր 2020 թվականին:
Փոխվարչապետը նշեց, որ խոսքը 930 ապրանքների մասին է, որից 647-ի մասով մաքսատուրքերի բարձրացումը կերկարաձգվի ևս մեկ տարով՝ մինչև 2020-ի վերջ։ Արտոնության երկարաձգումը չի վերաբերում միայն տրանսպորտային միջոցներին:
Տրամադրվող արտոնությունը վերաբերում է մսին, կարագին, թանկարժեք մետաղներին, դրանցից պատրաստված իրերին, քարերին, դեղորայքին և այլն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտոնության արդյունքում առնվազն 30 մլն. դրամի պակաս մաքսատուրք է վճարվելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







