ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է հետ վերադարձնել ՏՏ ոլորտի ընկերությունների՝ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկը: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում, փոխանցում է Armenia Today-ի թղթակիցը:
«Բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ կապված կան խնդիրներ, որովհետև այն արտահանող ոլորտ է, զբաղված է հիմնական ծառայությունների արտահանմամբ, և դրամի ուժեղացումը խիստ բացասաբար է անդրադառնում»,-ասաց Քերոբյանը:
Մոտ օրերս նախագիծը կմտնի կառավարություն՝ քննարկման:
«Մենք առաջարկում ենք սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսների եկամտային հարկի հետվերադարձ անել IT ոլորտի ընկերություններին՝ դրանով փոքր-ինչ կոմպենսացնելով նրանց կրած վնասները»,-ասաց նախարարը:
Այս առումով նախարարությունը սեկտորի ընկերությունների հետ համաձայնություն ունի, հիմա պետք է հարցը քննարկեն կառավարության գործընկերների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







