Այսօր մարդիկ չեն մշակում իրենց ունեցած հողակտորները, այսօր մշակվում է վարելահողերի մոտ 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը կա՛մ լքված է, կա՛մ չի մշակվում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։
«Այդ ծրագրի ներքո մենք մասնավոր անձանց ու ընկերություններին կոչ ենք անում միավորել հողակտորները մեծ հողային միավորների մեջ, որպեսզի ավելի բարձր արտադրողականություն ունեցող գյուղատնտեսությամբ զբաղվեն»,- ասաց Քերոբյանը։
Նա շեշտեց, որ ծրագրով նախատեսվում է 4500 հեկտար խոշորացրած հողակտոր ունենալ։
Ծրագրով նախատեսվում է 2023-2025 թվականներին պետական աջակցության միջոցով խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը։ Մասնավորապես, նախատեսվում է 30 հա և ավելի մակերեսով հողերի միավորման և դրանցում ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար այդ աշխատանքների ծախսերը փոխհատուցել դրանց դիմաց շահառումների փաստացի կատարած վճարումների 50%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 200 հա մակերեսով միավորված հողերի վրա կատարված աշխատանքների համար։
Կառավարությունը հաստատեց նախագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







