Armenia Today-ի թղթակիցն այսօր կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ուղղված իր հարցադրման մեջ անդրադարձել է նրա այսօրվա հորդորին։ Նշենք, որ այսօր Քերոբյանը, հաշվի առնելով գնաճային պայմանները, գյուղացիներին հորդորել է հող մշակել։
Այս համատեքստում մեր թղթակիցը մատնանշել է Շիրակի մարզի գյուղացիներից ստացած բողոքների մասին։ Մասնավորապես, գյուղացիները հայտնել են, որ երբ գարնանացանին ընդառաջ գնում են վարկ վերցնելու, բանկը շանտաժի է ենթարկում իրենց՝ ասելով՝ բերքն ապահովագրե՛ք, որ կարողանանք վարկ տալ։
Անդրադառնալով մեր թղթակցի նաև այն դիտարկմանը, թե 5 տոկոսանոց վարկերը բավականին սահմանափակվել են, իսկ անտոկոս վարկեր միայն սահմանամերձ բնակիչներին են տրամադրվում, և հարցին՝ տոկոսները կիջեցվե՞ն, որ գյուղացին կարողանա հող մշակել, Քերոբյանը պատասխանել է․ «Կառավարությունն իր ծրագրերի մասին արդեն հայտարարել է։ Ըստ էության՝ պարարտանյութի ծրագիրը այս փուլի վերջին նախագիծն է, որը մասշտաբային է։ Ինչ վերաբերում է բանկերի հետ հարաբերություններին, իհարկե, լավ վարկային պատմություն ունենալու դեպքում որևէ խնդիր չի լինի։ Ինչ վերաբերում է ապահովագրությանը, ապա էկոնոմիկայի նախարարությունը տարեցտարի լավացնում է ապահովագրության ինստիտուտը՝ նաև սուբսիդավորելով։ Բանկերը չեն ուզում գնան ու գյուղացու տունը խլեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։




































