Աշխարհաքաղաքական նոր ճնշումներով պայմանավորված՝ գնաճի վրա նոր ճնշումներ կան։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հարց ուղղելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին։
Նրա խոսքով՝ այդ ճնշումները խորանալու են, քանի որ անորոշության բերող պատճառները շարունակվելու են։ Թադևոսյանի հարցին, թե նոր իրողություններով պայմանավորված արդյո՞ք հնարավոր է սոցիալական նպաստների ավելացում, հատկապես եթե հաշվի առնենք գազի սակագնի ավելացումը, ի՞նչ սոցիալական աջակցություն է նախատեսվում նաև Ուկրաինայից հայրենիք վերադարձող մեր հայրենակիցներին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց․
«Հարցն օրակարգային է, քննարկվում է, և ըստ իրավիճակի՝ միջոցառումներ կիրականացվեն»։
Խոսելով գազի գնի թանկացումից՝ Գրիգորյանն ասաց, որ դրա սակագինը կալորիականության հաշվարկով է ճշգրտվելու ապրիլի 1-ից։ Նրա հավաստմամբ՝ նույն սպառման պարագայում այն չի փոխելու սպառման վճարը։
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել մեկ բան, որ սահմանին գազի 165 դոլար գնի պարագայում այսօր Եվրոպայում 1400 դոլար էր։ Այդ իմաստով ճնշումները բալանսավորված կլինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ բյուջեի պահուստային ֆոնդը կբավարարի, որ նման միջոցառումները բավարարվեն։
Ինչ վերաբերում է Ուկրաինայից հնարավոր վերադարձողներին սոցիալապես աջակցելու հարցին, Գրիգորյանն ասաց, որ չկա այսօր Հայաստանում մի հատված, որը պետությունը չկարողանա պատշաճ ապահովել։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







