Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի հավանություն է տվել «Ռոստելեկոմի» դուստր ձեռնարկություն հանդիսացող «ՋիԷնՍի Ալֆա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքին։ Այս մասին Armеnia Today-ին ասաց ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը։
Գնորդներն են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (պատկանում է «Տաշիր» հոլդինգին) և ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը, ովքեր Կիպրոսում օֆշորում գրանցված նոր ընկերություն են ստեղծել։ Գործարքի գնահատված արժեքը 25 մլն դոլար է, նախատեսվում են ներդրումային և զարգացման ծրագրեր։ Դրանց մի մասն ուղղված է լինելու առկա ենթակառուցվածքների աջակցությանը և վերազինմանը և կկազմի տարեկան մոտ 1,5-1,8 մլրդ դրամ (կապիտալ ծախսեր)։ Ընդհանուր առմամբ, առաջիկա հինգ տարում գնորդները պարտավորվել են 2,5 մլրդ դրամի ներդրում կատարել ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավորապես, մարզերում։
Ավելի վաղ՝ 2020 թվականին, կապի և ինտերնետ ծառայությունների ոլորտում աշխարհի առաջատար մատակարարը՝ «ՎԵՈՆ» ՍՊԸ-ն, վաճառեց իր հայաստանյան դուստր ձեռնարկությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







