ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի համաձայն՝ առեւտրի օբյեկտներում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում այնպես, որ հստակ երեւա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը՝ բուսական յուղով կամ այլ պարունակությամբ՝ կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով:
Նման կաթնամթերքի փաթեթավորման վրա պետք է նշված լինեն «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» բառերը: Հանձնաժողովի անդամներն առաջարկել են սահմանել, որ կարգավորումը պետք է վերաբերի 200 քմ-ից ավելի տարածք ունեցող խանութներին՝ հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները: Նախաձեռնության հեղինակն ընդունել է առաջարկը:
Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, այն կընդգրկվի ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







