Էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար գործող արտոնությունների ժամկետը կերկարաձգվի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվեց ԱԺ-ում, այն ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:
«Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մասնավորապես մեծ, միջին փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները»,- նշեց փոխնախարարը։
Գաբրելյանի խոսքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային միջոցների համար զրոյացվել են ներմուծման դրույքաչափերը:
Հարակից զեկուցող, «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանն էլ նկատեց, որ քննարկվող նախագիծը մշակվել է դեռևս նախկին կառավարության օրոք, և դա իսկապես շուկայում էլեկտրոմոբիլների ներկրման խթանիչ մեխանիզմ է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







