Ներկայումս Հայաստանի սահմանին ռուսական գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են, և այդ պատճառով դժվար է կանխատեսել՝ սպառողների համար գազի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ:
Այս մասին հոկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ համաձայնությունների են գալիս կողմերը: Էլեկտրաէներգիայի սակագինը նույնպես կախված կլինի այս համաձայնագրից, քանի որ մի շարք արտադրողներ կախված են գազի գներից»,- ասաց Բաղրամյանը:
Նա ավելացրեց, որ «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների կողմից սակագների դրույքաչափերը փոխելու դիմումներ չեն եղել: Խնդիրը, շարունակեց ՀԾԿՀ ղեկավարը, կախված է գազի գնից:
Բաղրամյանը նշեց, որ այս տարվա նոյեմբերին շահագործման կհանձնվի Երևանի ՋԷԿ-ի նոր ջերմային բլոկը, որի էլեկտրաէներգիայի արժեքը շատ ավելի մրցունակ կլինի և կազդի երկրի ամբողջ էներգահամակարգի վրա:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին ասել էր, որ Հայաստանի սահմանին գազի գնի հարցում կա կոնսենսուս: Խնդիրը, ըստ փոխվարչապետի, կապված է «Գազպրոմի» շահերի հետ։ Ընկերությունը, 2013 թ. hամաձայնագրի հիման վրա, Հայաստանում կառուցեց Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, որն այս պահին կանգնած է: Մինչդեռ նույն պայմանագրի հիման վրա երկրում ռուսական հոլդինգի ձեռնարկությունները պետք է ունենան տարեկան 9% եկամտաբերություն: Հինգերորդ էներգաբլոկի կառուցման մեջ «Գազպրոմի» 250 մլն դոլարի ներդրումը չի առաջացնում նախկինում համաձայնեցված եկամտաբերությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







