Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.3%-ով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։
2019 թ․ մայիսին 2018 թ․ մայիսի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10.2 %-ով, շինարարության ծավալը՝ 2 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 4.9 %-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 14.8 %-ով:
Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.8 %-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.2 %-ով:
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա մայիսին աճել է 6.5 %-ով՝ կազմելով 179 հազար 623 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.9 %-ով, իսկ ոչ պետականում՝ 4.7 %-ով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ նկատվել է նվազում՝ շուրջ 3.9 %-ով: Սակայն արտահանումն աճել է 11.7 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 10.5 %-ով:
Դրամի փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ 2019 թ․ մայիսին կազմել է 480.55 դրամ:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն այս տարվա մայիսի նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 1 տոկոսով:
Նշենք, որ հունվար ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,5 %-ով, փետրվարին ՝ 7,6 %-ով, մարտին ՝ 5,8 %-ով, իսկ ապրիլին ՝ 9,5 %-ով: Արդյունքում հունվար-մայիս ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 7,3 %-ով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







