ՀՀ-ում մշակող արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը համարվում են գերակա ոլորտներ, որտեղ իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կառավարության որոշմամբ երեք ընկերություն ազատվել է ներմուծվող սարքավորումների մաքսատուրքից: Ընկերություններից երկուսը` «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ և «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ, գործունեություն են ծավալում Կոտայքի մարզում, իսկ «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ՝ Երևանում:
«Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության մեջ։ Ընկերության կողմից արդեն իսկ իրականացվել է 1 մլրդ 540 մլն ՀՀ դրամի ներդրում:Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացնել 1.3 մլրդ ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 42 նոր աշխատատեղ:
«Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են նոր պտղատու այգիներ հիմնելու համար: Ընկերության կողմից նախկինում իրականացվել է 700,000,000 ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացնել 250,000,000 ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 20-30 նոր աշխատատեղ:
«Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ներմուծվող հումքը օգտագործվելու է հագուստի արտադրության մեջ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացնել 350 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 12 նոր աշխատատեղ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







