Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը նախապես գնահատել է դեպի Վրաստան թռիչքների դադարեցումից հետո ռուսական ավիաընկերությունների կրած վնասը։ Համաձայն ՌԴ տրանսպորտի նախարարության իրականացրած հաշվարկների՝ ռուսական ավիաընկերությունները մոտ 3 մլրդ ռուբլու վնաս կկրեն։
ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտնել է, որ շաբաթվա վերջ կներկայացվեն փոխադրումների դադարեցման վերաբերյալ ամբողջական հաշվարկները: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը կքննարկի նաև ավիափոխադրողների փոխհատուցումների հարցը:
Ռուսաստանի և Վրաստանի միջև չվերթներն իրականացրել են ռուսական «Աէրոֆլոտ», «Պոբեդա», S7, «Ուրալյան ավիաուղիներ», Red Wings, «Նորդավիա» և վրացական Georgian Airways եւ MyWay Airlines ավիաընկերությունները:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվել է օդային փոխադրումներ իրականացնել Ռուսաստանի և Վրաստանի միջև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







