Արցախում խոշոր տնտեսական նախագծի մեկնարկ է տրվել, որն էական ազդեցություն է թողնելու գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության զարգացման վրա: Այս մասին տեղեկանում ենք «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցմանը, որը ոռոգովի կդարձնի ավելի քան 10,000 հեկտար հողատարածք՝ ընդգրկելով երեք շրջանների՝ Մարտակերտի, Ասկերանի (Ակնա թաղամաս) և Մարտունու դաշտավայրային լավագույն հողատարածքները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 2 խոշոր և 2 փոքր ջրամբարներ և 5 հիդրոէլեկտրակայաններ՝ ընդհանուր առմամբ 200 միլիոն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
«Ջրանցքը կհասնի Թարթառի աջափնյա հատված՝ կանոնավոր ոռոգելով ավելի քան 10000 հա սեփականաշնորհված հողատարածք Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններում: Եթե ընդհանուր առմամբ առաջիկա 5-7 տարիներին մեզ հաջողվի 10000 հա նոր այգի տնկել, ապա այն թույլ կտա համախառն մրգի արտադրանքը հասցնել ավելի քան 200.000 տոննայի››,- նշել է Արայիկ Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ մինչ այժմ ոռոգվող պատճառով չմշակվող հազարավոր հեկտար հողատարածքներ կսկսեն մշակվել:
Ծրագիրն իրականացվում է «Արցախ ՀԷԿ»-ի արտասահմանյան ներդրողների հովանավորությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







