ԱՄՆ առևտրի նախարարությունը սև ցուցակի մեջ է ներառել հայաստանյան երկու ընկերություն՝ իրանական կողմի հետ գործարար կապերի համար: Այս մասին նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում հրապարակված փաստաթղթում:
Ծանուցման համաձայն ՝ այդ ընկերությունների գործունեությունը հակասում է ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականության շահերին:
Պատժամիջոցներ են սահմանվել Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ի դեմ, քանի որ ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ անձը, որը ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է և «Մարկելի» նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները:
Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի օգոստոսի 14-ին:
Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել ռուսական, վրացական, կանադական, չինական, բելգիական, մալազիական, հոլանդական, սաուդարաբական և բրիտանական ընկերությունների նկատմամբ։
Նշենք, որ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրվել է 1978 թ․։ Ինստիտուտը մշակում և իրացնում է ընդլայնված սպեկտր ունեցող ռադիոտեխնիկական սարքեր, իսկ 2000 թ․ նոյեմբերին հիմնադրված «Մարկել» ՓԲԸ-ն մշակում և արտադրում է հատուկ նշանակության բարդ սարքեր և համակարգեր, մեխանիկական և էլեկտրամեխանիկական տարբեր արտադրատեսակներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







