Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Ծովակալ Իսակով-125» արծաթե հուշադրամը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Ծովակալ Իսակովի անվան հածանավի, ծովակալի ուսադրի աստղի, նավի ու խարսխի պատկերներ, իսկ դարձերսին՝ Ծովակալ Իսակովի դիմապատկերը և նավագնացի դաշույնի ու գրքերի պատկերները։
Ծովակալ Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյան, 1894-1967 թթ.) անվանի հայ զինհրամանատար է, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ (1955 թ.), ԽՄ հերոս (1965 թ.):
1913 թ. ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը, 1917 թ․ Պետրոգրադի գարդեմարինյան, 1928 թ․՝ Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները: Կյանքի մեծ մասը Իսակովը նվիրել է ծառայությանը նավատորմում, ուր զբաղեցրել է բարձր պաշտոններ։ 1932 թ-ից դասավանդել է Ռազմածովային ակադեմիայում, իսկ 1938-1939 թթ․ զբաղեցրել է պետի պաշտոնը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծագույն ներդրում է ունեցել Սևծովյան և Բալթիական նավատորմերի մարտական գործողությունների պլանների մշակման գործում:
Ռազմածովային գործին զուգընթաց՝ Իսակովը զբաղվել է ռազմապատմական և ռազմատեսական հարցերով, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի պատմության փաստաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը, ռազմածովային ուժերի մարտական կանոնագրքերի մշակմանը: 1947 թ. նշանակվել է եռահատոր «Ծովային ատլասի» խմբագրական կոլեգիայի նախագահ:
Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերում ծովակալ Իսակովի անունով կա հածանավ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքներում` փողոցներ:
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Համաձայն ՀՀ ԿԲ տարածած հաղորդագրության՝ հուշադրամները,․ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







