Ինչպես գիտենք, այս պահին Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարները զբաղված են Ֆրանսիայում տեղի ունեցող Գագաթաժողովով, սակայն Ֆրանսիա մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել է նաև երկրի համար մեկ այլ, անչափ կարևոր խնդրի. լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ պատրաստ է բանակցել Չինաստանի հետ՝ չնայած մաքսատուրքերի բարձրացմանը։ Նախագահը նշել է, որ միշտ բաց է բանակցությունների համար։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Չինաստանը նոր, ավելի բարձր մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների ներմուծման համար։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է տարեկան 75 մլրդ ԱՄՆ դոլլար։
Ըստ Թրամփի՝ Չինաստանի այդ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի: Նախագահը պահանջել է ամերիկյան ընկերություններից փակել Չինաստանում արտադրությունը և սկսել այն ԱՄՆ-ի տարածքում, քանի որ, ըստ նրա, ԱՄՆ-ն չի զգում Չինաստանի կարիքը և կարող է շատ հանգիստ կազմակերպել ամեն ինչ առանց Չինաստանի գործարանների։
Հիշեցնենք, որ երկրների միջև առևտրային պատերազմը սկսել է նախորդ տարի, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել, այնուհետև բարձրացրել է չինական որոշակի ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։ Այսպիսով, երկրների միջև առևտուրը այս ամենի հետևանքով 2019 թվականին նվազել է գրեթե 14,6 %-ով։