Ինտեգրացիոն միավորման անդամ լինելը ենթադրում է մի շարք առավելություններ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով։ Արդեն հինգ տարի է, ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետություն և մուտք ունի միավորման այլ պետությունների շուկաներ։ Ըստ ԵԱՏՄ պաշտոնական կայքում հրապարակած վիճակագրության՝ 2018 թվականին ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր առևտուրը կազմել է 59,7 մլրդ ԱՄՆ դոլլար, իսկ նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 9,2%։ Նախորդ տարվա համեմատ՝ առևտրաշրջանառության աճը պայմանավորված է ապրանքների գների և ծավալի աճով, որոնք կազմել են համապատասխանաբար 2,5% և 6,5%։
2018 թվականին նախորդ տարվա համեմատ՝ ԵԱՏՄ ներսում առևտրի ծավալներում անդամ երկրների մասնաբաժինները փոխվել են հետևյալ կերպ․ ՀՀ-ի մասնաբաժինը 1%-ից աննշան աճ է գրանցել, հասնելով 1,1%, Ղազախստանի մասնաբաժինը նույնպես աճել է՝ 9,6-9,9%, ՌԴ-ն շարունակում է պահպանել գերակա դիրք՝ 63,4-64,8%, Ղրղստանի մասնաբաժինը նվազել է, նախկին 1%-ից հասնելով 0.9%-ի, Բելառուսի մասնաբաժինը նույնպես նվազել է՝ 25%-ից հասնելով 23,3%-ի։
Ինչ վերաբերում է ՀՀ-ի դինամիկային, ապա 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների 20,7% աճ,մասնավորապես․ գյուղատնտեսական ապրանքների 9,6% աճ, տեքստիլ արտադրանքի արտահանումն աճել է 2 անգամ, իսկ մեքենա, սարքավորումների արտահանումն աճել է 37,1%-ով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







