Ըստ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի գրառումների՝ սեպտեմբերի 1-ից 10%-ով բարձրացել է շուրջ 38 հազար ուսուցչի աշխատավարձ։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը վերջերս կրկին խոսել էր կրթության ոլորտում մի շարք բարեփոխումների՝ այդ թվում աշխատավարձերի բարձրացման մասին։
Ինչպես նախկինում հայտնի էր, աշխատավարձերը 10% բարձրացնելու համար 1 տարվա կտրվածքով բյուջեից հատկացվելու է շուրջ 6 մլրդ դրամ։ Կառավարությունը, տնտեսական աճին զուգընթաց, ծրագրեր կմշակի աշխատավարձերի հետագա բարձրացման ուղղությամբ:
Նշենք, ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2018 թվականին կրթության ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 114676 դրամ, որից պետական հատվածում՝ 111093 դրամ և ոչ պետականում `157200 դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 1,8%-ով:
2019 թվականի առաջին կիսամյակում կրթության ոլորտում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2% -ով՝ կազմելով 116022 դրամ, որից պետական հատվածում՝ 110822 դրամ և 161419 դրամ ոչ պետական հատվածում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







