ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան կայքէջում հայտարարությունէ տարածել, ըստ որի. «Ներկայումս Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում և որ կարևորն է, այն քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ ամենը ապահովվում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, ինչը արտահայտվում է նաև տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում»- հայտարարել է վարչապետը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԿԲ կողմից իրականացված հարցումների համաձայն ՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները (2019 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ավելի քան 95 տոկոսը) ակնկալում են, որ գների կայունությունը հետագայում նույնպես կպահպանվի:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ սրա արդյունքում տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը:
Վարչապետը անդրադարձել է նաև Հայաստանում դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատմանը՝ նշելով, որ սա իր հերթին նշանակում է, որ ազգային արժույթի նկատմամաբ հասարակության ներսում վստահությունն ավելացել է: Արդյունքում քաղաքացինեը նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով, սա էլ իր հերթին նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը ՝ նպաստելով ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։
Վարչապետը նշել է, որ ինքը նույնպես նույն կերպ է վարվում. «Ի դեպ, ես էլ եմ նույն կերպ վարվել։ Վերջերս վաճառեցի «Hyundai»-ս և գումարը բանկում պահում եմ դրամով»: