Սեպտեմբերի 20-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Վարոս Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել եվրոպական գործընկերներին` ԵՄ Արտաքին ներդրումային պլանի վերաբերյալ իրենց լավագույն փորձը և մոտեցումները կիսելու պատրաստակամության համար:
Վարոս Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի կողմից բարձր է գնահատվում ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ժամանակին ներդրումը, դա օգնում է խթանել ներդրումները Հայաստանում՝ կենտրոնանալով մի շարք առաջնահերթ ներդրումային ոլորտների վրա, ինչպիսիք են՝ կայուն էներգետիկա և փոխկապակցվածություն, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) ֆինանսավորում, կայուն գյուղատնտեսություն, գյուղական ձեռնարկատերեր և ագրոբիզնես, կայուն զարգացող քաղաքներ և թվային տեխնոլոգիաներ՝ զարգացման համար։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հավելել է, որ ԵՄ Արտաքին ներդրումային պլանն ուղղված է ներառական աճի խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ԵՄ Արտաքին ներդրումային պլանը, դրա ֆինանսական գործիքները և հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները և ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







