Համաձայն ԵԱՏՄ պաշտոնական կայքի գրառման՝ Սեպտեմբերի 19-ին Մինսկում տեղի ունեցած «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 5-րդ տարին․ դատարանի դերը» միջազգային կոնֆերանսի ընթացքում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի գծով կոլեգիայի անդամ Ալեքսանդր Սուբբոտինը խոսել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրում ԵԱՏՄ պայմանագրի դրույթների կատարման վերաբերյալ։ Նախարարն իր խոսքում նշել է, որ կարճ ժամանակում իրենց հաջողվել է ստեղծել հզոր օրենսդրական հիմք արդյունաբերական համալիրում, որն ընդգրկում է գրեթե բոլոր հիմնական ուղղություններն ու հնարավորություն է տալիս միության անդամ երկրներին ստեղծել համատեղ մրցունակ արտադրանք։
Նշենք, որ օրենսդրական դաշտում բարեփոխումները ոլորտի զարգացումը խթանող միակ քայլերը չեն։ Միության ներսում զարգացած արդյունաբերական և գյուղատնտեսական համալիր ձևավորելու ճանապարհին կարևոր դեր են ունեցել նաև առևտրային սահմանափակումների վերացումը, սակայն դեռևս կան այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են միության անդամ երկրների ընդհանուր սահմանի բացակայությունը, ներմուծման մեծ տեսակարար կշիռը երրորդ երկրներից, միության ներսում առևտրի ծավալների նվազման միտումները և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







