Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարևորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլև այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը:
Ըստ փոխվարչապետի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, և առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու և արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները:
Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարևորությունը:
ՎԶԵԲ փոխնախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել է Կառավարությանը վերջին տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների առիթով,մասնավորապես շեշտելով ժողովրդի կողմից շոշափելի հաջողությունների կարևորությունը: Յուրգեն Ռիգտերինկը հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը մաս կազմելու այս բոլոր հաջողությունների և նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության առանցքային ուղղությունները, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերը և դրանց հեռանկարները: Կողմերը կարևորել են Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը՝ ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







