ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Սիլիկոնյան հովիտ։ Սիլիկոնյան հովտում Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Չի Ֆուն Չանը նշել է, ընկերությունը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը։
Չի Ֆուն Չանը ներկայացրել է ընկերության գործունեության ուղղությունները, ծրագրերը՝ նշելով, որ ընկերությունն աշխարհի տարբեր երկրներում ունի 120 գրասենյակ, իսկ աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 13000 է։ Ընկերության նախագահի խոսքով՝ «Սինոփսիս»-ը շարունակաբար ավելացնում է իր գործունեության ծավալները և այդ շրջանակում մտադիր է նաև Հայաստանում ընդլայնել գործունեության շրջանակը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար «Սինոփսիս»-ն արժեքավոր գործընկեր է և ՀՀ կառավարությունը կարևորում է ընկերության հետ համագործակցությունը։
«Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և մենք հետաքրքրված ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների ներգրավմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, մասնագետների պատրաստմամբ և պատրաստ ենք կառավարության գործիքակազմով խթանել այդ գործընթացը», — նշել է Հայաստանի վարչապետը։
ՀՀ վարչապետը կարևորել է Սինոփսիս-Արմենիայի և Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի տարիներ ի վեր գոյություն ունեցող համագործակցությունը՝ նկատելով, որ այն ՏՏ ոլորտի խոշոր ընկերության կողմից կրթության և գիտության զարգացման ուղղությամբ արվող ներդրումների լավ օրինակ է։
«Սինոփսիս» ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը նշել է, որ այս տարի «Սինոփսիս-Արմենիա»-ն նշում է հիմնադրման 15-ամյակը և հրավիրել վարչապետ Փաշինյանին՝ մասնակցելու այդ առիթով նոյեմբերին կայանալիք հանդիսավոր միջոցառմանը։
Նշենք, որ «Սինոփսիս» ընկերության մասնաճյուղը Հայաստանում բացվել է 2004 թվականին և ունի շուրջ 700 աշխատակից։
«Սինոփսիս-Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, ով նույնպես մասնակցում էր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, նշել է, որ «Սինոփսիս-Արմենիա»-ն թե՛ ծրագրային, թե՛ կադրային առումով «Սինոփսիս»-ի կայուն զարգացող և արդյունավետ մասնաճյուղերից է և նախատեսում է տարեկան 100-ով ավելացնել աշխատակիցների թիվը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







