«Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսին այսօր այցելեց WCIT նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։
Դիջիթեքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հուշագիր ստորագրեց Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսեյ Յադեթեի հետ՝ «Արմաթ» կրթական ծրագիրը Եթովպիա արտահանելու նպատակով։
Դրան հետևեց Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարարի հետ ԱՏՁՄ հուշագիրը՝ Աֆղանստանում ևս նմանատիպ նախագիծ ունենալու պատրաստակամության մասին։
Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ հուշագիր էր կնքվել Հնդկաստանի հետ։
Armenia Today-ի հետ հարցազրույցում ԱՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ Եթովպիայում պատրաստվում են ներդնել 51 «Արմաթ» լաբորատորիաներ։
««Արմաթ» լաբորատորիաների տաղավարում լայնորեն ներկայացրած է, թե երեխաներն ինչ են կարողանում ստեղծել ռոբոտաշինության, անօդաչու թռչող սարքերի, եռաչափ մոդելավորման և այլ ոլորտներում։ Այլ երկրների ղեկավարների մոտ դա առանձնակի հետաքրքրություն է առաջացրել, քանի որ այդպիսի ծրագրեր աշխարհում գրեթե չկան. կան դրանց առանձին կոմպոնենտները, բայց միասին ներկայացված չկա» -ընդգծեց Կարեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս ամենն ունի ռազմավարական նպատակ և հեռանկար. «Երևանի, Գավառի, Բերդի և այլ շրջանների «Արմաթ» լաբորատորիաներում ուսանող երեխաները կապ են հաստատելու Հնդկաստանի, Բանգլադեշի, Եթովպիայի խմբակների հետ և միմյանց հետ խորհրդակցելու են ծրագրերի պատրաստման ժամանակ։ Հետագայում արդեն մեր երեխաները կունենան շատ լայն բիզնես ցանց։ Պարփակված չեն լինելու Հայաստանում, այլ հնարավորություն կունենան որպես բիզնեսմեն ապրանքներ վաճառել»։
Վարդանյանը նկատում է, որ Դիջիթեքն աշխարհում տեխնոլոգիական միակ ցուցահանդեսն է, որտեղ այցելուների 30%-ը երեխաներ են. «Այն սկսվել է 4000 այցելուից, անցած տարի այցելուների թիվը հասել է 80.000-ի, այս տարի գուցե արդեն ավելի շատ լինի»։
Աննա Կոստանյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







