Հոկտեմբերի 7-ը Հայաստանի համար պատմական օր է համարվում: Դարեր շարունակ, հայերը և Հայաստանը եղել են նորարարությունների, գիտական նվաճումների և ստեղծագործ մոտեցման առաջամարտիկները։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Տիգրան Ավինյանը նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի` «WCIT 2019»-ի Երևանում անցկացումը որն այս ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն է, նշանակում է, որ մեր երկիրը լուրջ հայտ է ներկայացնում աշխարհի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքում իր արժանի տեղը գրավելու համար:
«Իրականում, դեռևս մինչև համաժողովի սկիզբը Հայաստանը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և վերածվել տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հանգույցի»,- նշել է Տիգրան Ավինյանը:
Ըստ Տիգրան Ավինյանի՝ տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաները ՀՀ կառավարության կողմից հռչակվել են որպես գերակայություն, և վերջին տարիներին ոլորտի միջին տարեկան աճը կազմել է մոտ 27-28 %։
«Կառավարության կողմից հետևողական ջանքեր են ներդրվում ստարտափային էկոհամակարգի և նորարարությունների համար անհրաժեշտ պայմանների ապահովման համար»,- նշել է ՀՀ փոխվարչապետը։
«Կարող եմ ասել, որ Հայաստանում արդի ու դինամիկ ստարտափային մշակույթ է ձևավորվել, ինչի շնորհիվ արդեն շատերի կողմից մեր երկիրը հռչակվում է նոր Սիլիկոնային հովիտ: Առաջիկա երեք օրերը կարևոր են ոչ միայն տեղական, տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակում, քանի որ համաժողովի օրակարգում համայն մարդկությանը հուզող առանցքային հարցեր են: Այսպիսով` մենք անմասն չենք մնում համաշխարհային ամենաարդիական հարցերի քննարկումից»,- նշել է Ավինյանը։
Կարևորելով ՏՏ զարգացումը՝ Տիգրան Ավինյանը նշել է․
«Ինչու՞ է սա կարևոր։ Մենք ապրում ենք մի աշխարհում և ժամանակաշրջանում, որը բնորոշվում է շատ արագ ու բեկումնային փոփոխություններով և հաճախ հասարակությունները, պետությունները, անհատները չեն հասցնում այն տեխնոլոգիական թռիչքի հետևից, որը տեղի է ունենում: Մինչդեռ տեխնոլոգիաների և պետական ու հասարակական ինստիտուտների համահունչ ընթացքը հիմնարար նշանակություն ունի մարդկային քաղաքակրթության շարունակական զարգացման համար: Ահա այսպիսի ոգեշնչող և հավակնոտ բնույթ ունեցող համաժողով ենք մենք անցկացնում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







