Գյումրիում մենք ավտոմաքսատուն չենք կառուցում, կառուցում ենք արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Գյումրիում կառուցվող ավտոմաքսատանը։
Դավիթ Անանյանը նշել է, որ ՀՀ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ պետք է տեղակայվեն Հայաստանի հյուսիսում և հարավում։
«Հարավի կենտրոնը լինելու է Սիսիանում, հյուսիսինը՝ Գյումրիում»,- ընդգծել է Դավիթ Անանյանը։
ՀՀ ՊԵԿ նախագահը նշեց, որ Գյումրու կենտրոնը կառուցվելու է շուրջ 21 հեկտարի վրա, իսկ այս պահին շուրջ 6 հեկտարն է իրացվում:
«Կենտրոններն ամբողջապես շահագործման կհանձնվեն 3 տարի հետո և այնտեղ կենտրոնացվելու են արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր պետական մարմիններին առնչվող գործառույթները՝ մեկ պատուհանի սկզբունքով»,- ընդգծել է Դավիթ Անանյանը։
Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Երևանում մաքսատուն կլինի թե՝ ոչ․ Անանյանը նշեց․
«Արարատյան մաքսատուն չի լինելու, Երևանում մաքսատուն չի լինելու: Մեր նպատակը մաքսային գործառույթների մեջ արդյունավետությունը չէ, մեր նպատակներն ավելի հեռահար են՝ ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել: Սա կառավարության ծրագիրն է: Երևանից ամբողջ բիզնեսը գնալու է հյուսիս ու հարավ, մայրաքաղաքը բեռնաթափվում է»։
ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ նոյեմբերի սկզբին Գյումրիում 6 հեկտարի վրա գործող ավտոմաքսատուն շահագործման կհանձնվի, որը հագեցած կլինի բոլոր պայմաններով և տեխնիկայի նորագույն լուծումներով, և այս ուղղությամբ շինարարներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







