Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում մասնակցել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի՝ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում «Առաջատար ֆերմայի» և Անասնաբուժական կետի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ծրագիրը համաֆինանսավորող Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության, Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության, տեղական ու միջազգային կազմակերպությունների և ծրագրի շահառու համայնքների ներկայացուցիչներ:
Շվեյցարիան սկսել է աջակցել հայկական գյուղատնտեսության զարգացմանը դեռևս 2006 թվականից, և ոնչպես նշել է դեսպանը, մինչ օրս կաթի և մսի արտադրության շղթայում գրանցվել է ինչպես քանակական, այնպես էլ որակական աճ։ Դեսպանը նաև հավելել է, որ Շվեյցարական ֆոնդը շարունակելու է աջակցել և օգնել հայաստանյան գյուղական համայնքերի զարգացմանն ու ընդլայնմանը։
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է բարելավել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի, մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությունը, անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների և բիզնեսի զարգացման ծառայությունների հասանելիությունը, ձևավորել տարածաշրջանային սերտ կապեր, հզորացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսական արտադրողների կարողությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







