ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ավել ջրառի հնարավորությունը բացառելու վերաբերյալ օրինագիծը։
Օրինագիծը հեղինակել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Օրինագիծն ընդունվեց 73 կողմ, 8 դեմ 37 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Օրենքի նախագծի հեղինակ Վարազդատ Կարապետյանը նշել է, որ Սևանա լիճը չեն կարող դիտարկել միայն որպես ջրի պաշար, ուստի անհրաժեշտ է ջրառի հստակ շեմ սահմանել։
Համաձայն ներկայացված ծրագրի՝ Սևանա լճից ջրառի առավելագույն շեմը պետք է լինի 170 մլն խոր. մետրը, դրանից ավել ջրառի առաջարկով կառավարությունը չի կարող դիմել ԱԺ-ին։
«2012 թվականին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր ջուր է վերցվել: Անհրաժեշտ է վերին շեմ սահմանել․ առավելագույնը կարող է լինել 170 մլն խոր․ մետրը»,- ընդգծել է ԱԺ պատգամավորը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ մնաց։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ նախագիծը կարող է կրել զուտ սիմվոլիկ բնույթ, ուստի այս փուլում ձեռնպահ կմնան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







