Քաթարի տրանսպորտի և կապի նախարարի հրավերով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում մասնակցում են «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին։ Այս մասին փոխանցում է նախարարության մամուլի ծառայությունը։
Մերձավոր Արևելքի կարևորագույն այս միջոցառմանը մասնակցում են 21 երկրների նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։
Համաժողովի շրջանակներում բացվել է նաև «QITCOM 2019» Մերձավոր Արևելքի ամենամեծ էքսպո ցուցահանդեսը, որտեղ այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։ «QITCOM 2019»-ին տեխնոլոգիական ոլորտում ամենամեծ արդյունքներ գրանցած 10-ից ավելի ստարտափներ «Հայաստան» միասնական տաղավարով 4 օր շարունակ կներկայացնեն իրենց արտադրանքը, հայկական տեխնոլոգիական լուծումները, նվաճումներն ու ձեռքբերումները։
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել մի շարք երկրների արտաքին գործերի, տեղեկատվության, հաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարներ, հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի տնօրենների խորհրդի ղեկավարներ։
Նախարարը հայկական տաղավարում hյուրընկալել է Նորին գերազանցություններ Քաթարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊ Թանիին և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին, որոնց ներկայացրել է հայկական տաղավարը և նվիրել հայկական արտադրության «Volterman» խելացի դրամապանակներ։
Համաժողովի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է նաև Մյունխենյան անվտանգության համաժողովին (MSC) և Կիբերանվտանգության թեմայով կլոր սեղան-քննարկմանը, որտեղ քննարկվել են ազգային և միջազգային մակարդակներում կիբեր տարածքի կառավարման ու անվտանգության բարձրացմանը, համացանցային կառավարման հեռանկարներին և այլ թեմաներին առնչվող հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







