Այս տարվա տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը՝ 38.3 տոկոս: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համաձայն Նիկոլ Փաշինյանի գրառման՝ ՀԴՄ կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունը աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որը առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է:
«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ տրամադրում են ՀԴՄ կտրոններ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ»,- ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։
Ըստ ՀՀ վարչապետի գրառման՝ նաև այս մարդկանց շնորհիվ է, որ կարողանում են զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ:
«Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան: Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները»,- ասված է Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







