ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 11-ին մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած «Բարձր տեխնոլոգիաների զարգացումը և Հայաստանի տնտեսության մրցունակությունը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը՝ կազմակերպված Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի և ԱՐՓԱ (Analysis, Research and Planning for Armenia) հիմնարկի (ԱՄՆ) կողմից: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը։
Քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի, գործադիր իշխանության, միջազգային կառույցների, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ գիտնականներ և դասախոսներ։
Տիգրան Խաչատրյանը, կարևորելով քննարկման շրջանակը և ընտրված ձևաչափը, իր ելույթում նշել է․ «Չափազանց կարևոր է բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում, բայց մրցունակ տնտեսություն ունենալու համար ոչ պակաս կարևոր է նորարարությունների զարգացման ինտեգրումը տնտեսության մնացած ճյուղեր: Այս քննարկումն առիթ կլինի ծանոթանալու այն այլընտրանքային տեսակետներին, որոնք պետք են մեր ամենօրյա համագործակցությունն ուժեղացնելու և մեր առաջիկա անելիքներն ավելի հասցեական և արդյունավետ դարձնելու համար»։ Նախարարն անդրադարձել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթություններին, ոլորտում առկա միտումներին, ինչպես նաև պետական աջակցության առանձնահատկություններին: Նա առաջարկել է նախատեսվող աշխատանքային խմբի հետ համագործակցել ավելի ակտիվ՝ փորձելով նախանշել և քննարկել ՀՀ տնտեսության մրցունակության վրա ազդող հիմնական խնդիրները։
Քննարկման ընթացքում ելույթ է ունեցել «ԱՐՓԱ» հիմնարկի նախագահ Հակոբ Փանոսյանը, ով ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես նանոտեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության բարձր ներուժը, ինչպես նաև ղեկավարած կառույցի կողմից Հայաստանում իրականացվող միջոցառումներն ու մրցույթները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







