Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը հեղափոխական է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ խոստացել է երկու տարվա ընթացքում ՀՀ բյուջեն պետք է ավելանա 30-35%-ով և դա հեղափոխության խոստումներից մեկն էր։
«Հիմա, 2020թ. պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 2018թ. եկամտային մասին գերազանցում է 27.4%-ով, եթե սրան գումարում ենք նաև 2018թ. ընթացքում բյուջեի գերակատարման ցուցանիշները, որոնք արդեն 62 միլիարդով գերակատարված են, ուրեմն բյուջեի աճը կազմում է 33%, իսկ, եթե սրան ավելացնում ենք այն բյուջետային կորուստները, որ մենք մեր որոշումների արդյունքում ունեցել ենք, մեր աճն արդեն իսկ կազմում է 35%»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ սա ուղիղ պատասխանն է այն հարցին, թե արդյոք այս բյուջեն հեղափոխական է։
Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը ոչ միայն ընթացքի մեջ է, այլև ամեն օրվա հետ թափ է հավաքում։
«Հեղափոխությունը 2020թ. հունվարի 1-ից նոր թափ է հավաքելու»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







