Կոռուպցիայի դեմ պայքարը և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովումը Հայաստանի ապագա զարգացման կարևորագույն նախապայմաններն են: 2019 թվականին Հայաստանին հաջողվել է պահպանել ՀՆԱ-ի կայուն աճ՝ չնայած հանքաարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում որոշակի անկմանը: Այս մասին ասված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր զեկույցում, հայտնում է «Ամերիկայի ձայնը։
Ընթացիկ տարում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տվյալներով՝ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 6 տոկոսով:
Հանքաարդյունաբերության անկումն առաջացրել է նաև արտահանման աճի որոշակի դանդաղում: Միևնույն ժամանակ, արտերկրից դեպի Հայաստան ներմուծումն աճել է 16 տոկոսով: Չնայած դրան, 2019 թվականին Հայաստանի դրամի փոխարժեքը մնացել է կայուն, իսկ սղաճը նվազել է 2.5-ից մինչև 1.7 տոկոս: Համաձայն ՎԶԵԲ-ի զեկույցի՝ Հայաստանի կառավարությանը հաջողվել է այս ժամանակահատվածում նաև բարելավել ֆիսկալ իրավիճակը՝ նվազեցնելով հանրային պարտքի չափը ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 60-ից մինչև 55.7 տոկոսի:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունն է ոչ թե ինքնին բարձր տնտեսական աճը, այլ դրա արտացոլումը քաղաքացիների իրական կյանքի որակի բարելավման վրա:
Կառավարման որակի բարելավումը կարող է լուրջ դրական ազդեցություն ունենալ երկրի ընդհանուր տնտեսական զարգացման վրա, որոշիչ գործոն հանդիսանալով երկրի ընդհանուր առաջընթացի համար, զեկույցի նախաբանում նշում է բանկի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորսիքը: Այս կապակցությամբ, զարգացող երկրները կարող են լրջորեն բարելավել դիրքերը կառավարման որակի բարելավման դեպքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







