Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 20-ին, ընդունել է 2020 թվականին ջրի մատակարարման և ջրահեռացման սակագների վերաբերյալ որոշում։
2020 թվականի հունվարի 1–ից հանձնաժողովի կողմից ջրի մատակարարման և ջրահեռացման համար սահմանվել է գումարային 180 դրամ սակագինը, ուստի սպառողների համար կշարունակի գործել նույն սակագինը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Բաղրամյանի խոսքով՝ այս պահին նաև քննարկվում է Մեծամորի ատոմակայանի նորոգման ժամկետների հարցը։
«Յուրաքանչյուր տարի Մեծամորի ատոմակայանը նորգվում և լիցքավորվում է, սակայն վերջին 2–3 տարում ավելի երկար ժամկետով է դադարեցվում գործունեությունը, քանի որ քայլեր են ձեռնարկվում ատոմակայանի գործունեության երկարաձգման համար»,- ընդգծել է Գարեգին Բաղրամյանը։
ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ այժմ ճշգրտվում են այդ աշխատանքների վերջնական գրաֆիկները, համաձայն որի՝ կորոշվի, թե քանի օրով է կանգնելու ատոմակայանը, դրանից ելնելով կունենանք ընդհանուր հաշվեկշիռը, որը էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է։
«Կարծում եմ բավականին ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի գործող գները նույնը մնան»,- ընդգծել է Բաղրամյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







