ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Ի թիվս այլոց՝ ասուլիսին ներկա էին մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:
«Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, այն զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում»,-նշել է Հակոբ Արշակյանը։ Նախարար կոչ է արել՝ բոլոր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև միկրոէլեկտրոնիկա, չվախենան սխալվելուց և իրականացնեն իրենց գաղափարները։
Ըստ Ռալֆ Յիրիկյանի՝ մրցանակն անչափ կարևոր է նրանով, որ այն Հայաստանի համար հանդիսանում է որպես անձնագիր՝ աշխարհին ներկայանալու և դեպի Հայաստան տեխնոլոգիական ոլորտի հանճարների բերելու համար՝ տեխնոլոգիական ոլորտով հետաքրքված երիտասարդներին կոչ անելով հավատալու իրենց կարողություններին, գաղափարներին, ստեղծելու իրենց ճանապարհը և Հայաստանի անունն ավելի ճանաչելի դարձնելու աշխարհում։
Ասուլիսի ժամանակ մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքերը համակարգող Հովիկ Մուսայելյանը հայտարարել է, որ հոբելյանական 10-րդ մրցանակակիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով «Origami World» տեսության հիմնադիրն է, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, մրցանակակիրը Հայաստան կժամանի դեկտեմբերի 3-ին, իսկ մրցանակը նրան կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մրցանակաբաշխության շրջանակներում տեղի կունենա Տակեո Կանադեին նվիրված ծրարի մարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







