Գործադիրն այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցած նիստում ընդունեց Սևանա լճում ձկան և խեցգետնի պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշումը:
Կարգի սահմանման նպատակը նշված գործունեություններն օրենքի դաշտ տեղափոխելն է:
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ նախագծով փորձ է արվում այս կարգի ընդունմամբ կանոնակարգել Սևանա լճում խեցգետնի և սիգի հաշվառման, վերարտադրության և որսի կազմակերպման հարաբերությունները:
«Առաջին անգամ է նման կարգավորում տրվում, և այս կարգավորմանը զուգահեռ այլ օրենսդրական նախաձեռնություններ ևս ունենք: Նպատակն այն է, որ սահմանվեն հստակ կանոններ, և հստակեցվի ժամանակահատվածը, տեսակները, թե ինչպես է իրականացվելու որսը, և այս գործունեությունը փորձենք տեղափոխել օրինական դաշտ»,- ընդգծել է Էրիկ Գրիգորյանը: