Fitch վարկանշային կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 22-ին մեկ մակարդակով բարձրացրել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։
«Ֆիթչ»-ը մեկ մակարդակով բարձրացրել է նաև արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման Հայաստանի վարկանիշների վերին սահմանաչափը:
Արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտավորություններ թողարկողի սուվերեն վարկանիշը վերահաստատվել է «B» մակարդակում:
Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման որոշումը հիմնված է «Ֆիթչ»-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանի ինստիտուտները նպաստեցին խաղաղ և սահուն քաղաքական անցմանը և առավել կամրապնդվեն կառուցվածքային բարեփոխումների միջոցով:
«Ֆիթչ»-ը մեծապես վստահում է արտաքին պարտքը նվազող հետագծի վրա պահելու Կառավարության հանձնառությանը, որով նախատեսվում է մինչև 2023թ.-ը կառավարության պարտքը հասցնել ՀՆԱ-ի 50%-ից ցածր մակարդակի: «Ֆիթչ»-ն ակնկալում է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը կմնա խելամիտ՝ ֆիսկալ կանոնում ամրագրված սկզբունքներին համապատասխան:
Մասնավոր սպառման աճի և շինարարության ոլորտում իրականացվող դինամիկ մասնավոր ներդրումների շնորհիվ ՀՆԱ-ի աճը եղել է ավելի բարձր, քան նախատեսված էր և դրանից ելնելով «Ֆիթչ»-ը բարձրացրել է Հայաստանի 2019թ.-ի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 6.5% (նախկին կանխատեսումը 4.6%):
Ծառայությունների և արդյունաբերության կայուն ոլորտները, Թեղուտի պղնձի հանքավայրի վերաբացման հաշվին հանքարդյունաբերության ոլորտի վերականգնումը և պետական ներդրումների ավելացումը կշարունակեն նպաստել տնտեսական աճին և 2020-2021 թթ.-երին կապահովեն միջին հաշվով 4.7% աճ:
«Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ 2019թ.-ին ընթացիկ հաշվի պակասուրդը կկրճատվի ի հաշիվ հանքահումքային ապրանքների արտահանման աճի և դինամիկ զարգացող զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ճյուղերի:
Բանկային հատվածը լավ կապիտալացված է և վարկերի աճը մնում է բարձր` ի հաշիվ հիփոթեքային և սպառողական վարկերի աճի: Վարկերի բարձր աճը, մասամբ, արտացոլում է ոչ ֆորմալ տնտեսության կրճատումը, տնային տնտեսությունների իրական եկամուտների ավելացումը և ցածր եկամտաբերության պայմաններում բանկերի «ռիսկայնության ախորժակի» մեծացումը: Բանկային հատվածի ակտիվների որակը բարձր է:
2006 թ. հունիսի 5-ին «Ֆիթչ»-ի կողմից Հայաստանին տրվել է «BB-» սուվերեն վարկանիշ», որը 2008թ.-ին մեկ մակարդակով բարձրացվել է, իսկ հետագայում երկու անգամ՝ մեկական մակարդակով իջեցվել:
Առաջին անգամ այն իջեցվել է 2009թ. օգոստոսին՝ պայմանավորված Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցութամբ: Երկրորդ անգամ՝ Հայաստանի սուվերեն վարկանիշը իջեցվել է 2015թ. հունվարին՝ պայմանավորված Ռուսաստանի տնտեսական իրավիճակից բխող Հայաստանի տնտեսության զգալի խոցելիությամբ: 2015թ. հունվարից հետո «Ֆիթչ»-ի կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը փոփոխության չէր ենթարկվել:
«Ֆիթչ»-ի կողմից «BB-» սուվերեն վարկանիշ ունեցող երկրների թվում են Հունաստանը, Թուրքիան, Բրազիլիան, Հորդանանը, Ուզբեկստանը, Բահրեյնը, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոլիվիան և Բանգլադեշը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







